Հուլիսի 21-23-ը տեղի է ունեցել Արա Աբրահամյանի աշխատանքային այցը Երևան, որի շրջանակներում Ռուսաստանի հայերի միության նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ կապված հոկտեմբերի 5-7-ը Երևանում  կայանալիք  Եվրասիական համագործակցության  միջազգային  համաժողովի անցկացման հետ:

Արա Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների հիմնական թեման եղել է Հայաստանում  անցկացվող Եվրասիական համագործակցության միջազգային երկրորդ համաժողովը:

Երկրի ղեկավարությունը գոհունակություն է հայտնել համաժողովի նախորդ տարվա արդյունքներից և պատրաստակամություն հայտնել  աջակցելու  Հայաստանի մայրաքաղաքում այդ հեղինակավոր իրադարձության իրականացմանը:

Համաժողովին մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, աշխարհի տարբեր երկրների գործարարներ, փորձագետներ և խոշոր կոորպորացիաների ղեկավարներ:

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը, Ռուսաստանի հայերի միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է  Երևանում՝ 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը և  մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանակներում: Համաժողովին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից:

Համաժողովի հիմնական թեման եղել է «Եվրասիական գործընկերության երկրներում արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման ու ներմուծման հնարավորությունների ընդլայնումը»: