Հոկտեմբերի 22-24-ը, Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այս տարի համաժողովը բազմաթիվ անակնկալներ ունի: Մասնավորապես, համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ:
Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է:
Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ) առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման աշխատանքներով և բյուրեղային կառուցվածքների կանխատեսումներով, բարձր ճնշման դեպքում նյութերի վիճակի ուսումնասիրությամբ (մասնավորապես՝ Երկրի և մոլորակների ընդերքներում):
Օգանովի մշակած բյուրեղային կառույցների կանխատեսման արդյունավետ էվոլյուցիոն մեթոդը դրվել է մի ծրագրի հիմքում, որի լատիներեն հապավումը հնչում է որպես USPEX (Universal Structure Prediction: Evolutionary Xtallography) (УСПЕХ, Հաջողություն):
«USPEX»-ն այսօր օգտագործում է մոտ 4000 հետազոտող ամբողջ աշխարհում:
2010 թվականին 34 տարեկանում նա դարձել է Նյու Յորք նահանգի համալսարանի՝ Սթոուն Բրուքի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը:
2005 թվականից ավելի քան 10 անգամ եղել է հրավիրված պրոֆեսոր Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ամենատարբեր համալսարաններում:
2011 թվականին «Forbes» ամսագիրh Արտյոմ Օգանովին ներառել է ամենահաջողակ ռուսաստանցի գիտնականների ցանկում, որոնք աշխատել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:
«Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենափոքրն է: Բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորությունները մեծանում են, եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի ներուժը: Կցանկանայի նշել, որ այս տարի առաջին անգամ մեր համաժողովի շրջանակում կանցկացվի գիտական նստաշրջան` աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այս և մյուս նիստում ներկայացված զեկույցները և գիտական հետազոտությունները, պանելային քննարկումները և կլոր սեղանները, մեծ հետաքրքրություն կառաջացնեն բիզնես համայնքի ներկայացուցիչների շրջանում»,-ասում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպիչ Արա Աբրահամյանը: