Համաժողովը պետք է մեծ տեղ զբաղեցնի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բիզնես կյանքում: Այդ մասին այսօր Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողվի ժամանակ լրագրողների հարցին՝ թե ինչ կարող է համաժողովը տալ Հայաստանին,  ի պատասխան, ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

«Սա ակտիվ շփումների հրաշալի հնարավորություն է: Համաժողովին ներկայացված են խոշորագույն ընկերություններ, այդ թվում նաև «Ռոստեխը», որ միլիոնից ավելի աշխատակիցներ և 600 միավորում ունի: Համաժողովը հնարավորություն է տալիս նրանց հետ ուղիղ երկխոսության, շփումների, համագործակցության, ինչի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները: Երևանում գործող գրասենյակ ունենք, որ պատրաստ է ցանկացած պահի ընդունել բիզնեսի ներկայացուցիչներին, կապ հաստատել ու ակտիվորեն մասնակցել մեր ծրագրերին: Բացի այդ՝ այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացրել, կազմակերպել հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն է ստեղծել շփումներ ու ծանոթություներ հաստատել ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլև այլ երկրների հետ: Օրինակ՝ համագործակցում ենք չինական մի հիմնադրամի հետ, որի բյուջեն ավելի քան 70 մլդ եվրո է, իսկ նրա գլխավոր տնօրենը Հաաստանում է»,- մանրամասնեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հնարավորությունները մեծ են, ուղղակի պետք է առավել քան ակտիվ լինել:

 

Աբրահամյանը, ցավով նկատեց նաև, որ Հայաստանում բիզնեսն ակտիվություն չի ցուցաբերում, ու բիզնեսով զբաղվող մարդիկ դեռևս չեն ադապտացվել, որ այնպիսի եղանակով, ինչպիսին է Եվրասիական միջազգային տնտեսական համաժողովը, հնարավոր է գտնել սեփական տեղը բիզնես միջավայրում:

«Պետք է հաշվի առնել նաև, որ համաժողովի կազմակերպիչներից է նաև ՌԴ առրևտրի ու արդյունաբերության նախարարությունը, որը միավորում է ավելի քան 30 միլիոն ռուսների: Որպես հայ՝ ես ձեզ հավաստիացնում եմ, որ պետք է ավելի հաճախ համագործակցել, կազմակերպվսած լինել գործողություններում, որ զգանք աշխատանքի արդյունավետութունը: Մենք մեծ աշխատանք ենք տարել այս ամենի վրա ու այն պետք է տա իր արդյունքը»,- ամփոփեց նա: