«Իրանական ապրանքները կարող են Հայաստանում փաթեթավորվել և արտահանվել ԵՏՄ երկրներ»


Հայաստանում ներդրումները խթանելու, ներդրումային դաշտի ոլորտները և ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բացված հեռանկարները ճիշտ ներկայացնելու նպատակով ապրիլի 22-ին Հայաստանում կկազմակերպվի «Ինվեստ Արմենիա» 2-րդ բիզնես ֆորումը, որն այս անգամ կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող, «Բի Փի Էյ» ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը:


Գործարար համաժողովը կազմակերպել է «Բի Փի Էյ» ընկերությունը՝ Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության հետ համատեղ, որն արդեն ամենամյա բնույթ է կրում: Վրույր Փենեսյանի խոսքերով՝ համաժողովի հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: Թեմայի շուրջ քննարկմանը հրավիրված են նաև նշյալ երկրներից պատվիրակություններ:

 

«Հյուրեր կունենանք ԵՏՄ երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, ինչպես նաև մասնակցության մեծ հետաքրքրություն կա իրանական կողմից: Մեր նպատակն է Հայաստանում խթանել ներդրումները, ճիշտ ներկայացնել ներդրումային դաշտը, ոլորտները և բոլոր այն հեռանկարները, որոնք կբացվեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Կքննարկենք նաև, թե իրանական կողմի պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի համար ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որոնց ուղղությամբ կարող ենք փոխգործակցել»,- ասում է պարոն Փենեսյանը:

 

Նախորդ տարի կազմակերպված ֆորումին Իրանը, ի դեմ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի, հյուրի կարգավիճակով է մասնակցել, այս տարի, ինչպես Վրույր Փենեսյանն ասաց, գործարար համայնքից էլ ներկայացուցիչներ կլինեն. «Իրանական կողմն առաջարկներ ունի գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաև կարող ենք Հայաստանը դիտել տարանցիկ երկիր, որտեղ իրանական ապրանքները կարող են փաթեթավորվել և արտահանվել ԵՏՄ երկրներ, նաև, ինչու չէ, կարող ենք օտարերկրյա ներդրողների համար Հայաստանն օգտագործել, այսպես ասած, որպես ժամանակավոր բնակվելու տեղ, այսինքն՝ այն օտարերկրյա ներդրողները, որոնք կցանկանան բիզնես իրականացնել Իրանում, նրանց ընտանիքները կարող են ապրել Հայաստանում, քանի որ Իրանն այստեղից ավելի մոտ է գտնվում, իսկ Հայաստանն ավելի եվրոպականացված երկիր է համարվում, և Երևանն ամեն ինչ ունի, որպեսզի եվրոպացի քմահաճ գործարարին կարողանա բավարարել»:

 

Ըստ պարոն Փենեսյանի՝ բիզնես ֆորումի հիմնական կետերից է նաև տնտեսական կանխատեսումները 2016-2018 թվականների համար. «Մենք կարճաժամկետ կանխատեսումներ կանենք, կլինեն վերլուծություն, զեկույցներ առաջադեմ մասնագետների կողմից: Երրորդ կարևոր կետը լինելու է միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ինչն է խնդիրը, եթե մենք արդեն ունենք Հայաստանում միջազգային ցանցի խոշոր ներկայացուցիչ՝ «Քարֆուրը», ինչ պայմաններ կան, որպեսզի հայկական արտադրանքը վաճառվի «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում: Գլխավոր տնօրենը կմասնակցի և այդ հարցին կպատասխանի: Մենք ակնկալում ենք այս բնագավառից մասնագետներ արտերկրից, որոնք իրենց վճռորոշ և կարևոր խոսքը կասեն այս ամբողջ համագործակցության վերաբերյալ»:

Շարունակությունն՝ այստեղ