«Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան առաջին հիպերմարկետի բացումից հետո ֆրանսիական ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Երևանում: Ֆրանսիացի գործարարներն իրենց մուտքը հայկական շուկա չեն համարում խնդրահարույց' ընդգծելով, որ աշխարհի բոլոր երկրներում էլ հաստատվելու համար 2-3 տարի է պահանջվել: «Որևէ խոչընդոտների չենք հանդիպել Հայաստանում մեր հիպերմարկետի բացման ժամանակ:

 

 

Առաջին անգամ չէ, որ «Քարֆուրը» մուտք է գործում նոր շուկա, և սովորաբար մեզ անհրաժեշտ է լինում մոտ 3 տարի հաստատվելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը: Նա նշեց, որ փորձել են ամեն ինչ այնպես կազմակերպել, որ հայ հաճախորդը գոհ մնա և միևնույն ժամանակ կատարի մատչելի ու որակյալ գնումներ:

 

 

Քրիստիան դը Նալի խոսքով' իրենք Հայաստանում աշխատում են երկու ուղղությամբ: «Առաջին հերթին մտածում ենք հայ գնորդների մասին, որպեսզի ներկայացված արտադրանքը հասանելի լինի իրենց, երկրորդ հերթին առաջնահերթություն ենք տալիս հայկական արտադրողներին: Եթե շրջեք խանութում, կտեսնեք, որ հայկական արտադրանքն ընդգծված և առանձնացված է»,- ասաց նա:

 

 

Իսկ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք հայկական արտադրանքը ներկայացն ել նաև «Քարֆուր»-ի այլ հիպերմարկետներում, դը Նալը պատասխանեց. «Հայկական արտադրանքն առաջին հերթին վաճառվելու է այստեղ, սակայն մենք համագործակցում ենք նաև Գյուղատնտեսության նախարարության հետ, որ կարողանանք արտահանել այս արտադրանքը նաև այլ երկրներ: Իմ շահերից է բխում, որ կարողանամ Հայաստանից ծիրան արտահանել»,- ժպտալով ընդգծեց «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը:

 

 

Խոսելով Հայաստանում «Քարֆուրի» այլ հիպերմարկետների բացման մասին' Քրիստիան դը Նալը նկատեց, որ տեղական շուկան, իրենց կարծիքով, բավականին մեծ է: «Իհարկե մենք նպատակներ ունենք ընդլայնվելու, որովհետև Երևանի նման քաղաքը կարիք ունի մի քանի այսպիսի հիպերմարկետների»,- հավելեց նա: «Քարֆուրի» ներկայացուցչի խոսքով' իրենք Ֆրանսիայից ներմուծում են հատկապես այնպիսի ապրանքներ, որոնք չես գտնի հայկական շուկայում: Դը Նալը առանձնացրեց ծովամթերքներն ու ֆրանսիական պանրի տեսականին, ինչպես նաև տնտեսական այնպիսի ապրանքներ, որոնք հատուկ են «Քարֆուրի» ցանցին:

 

 

Լրագրողների այն դիտարկմանը, թե հայաստանյան «Քարֆուր»-ից առաջինն ի՞նչ գնումներ է կատարել ֆրանսիացի տնօրենը' Քրիստիան դը Նալը պատասխանեց, որ լավաշ է գնել:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' մարտի 11-ին, ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:

 

 

«Քարֆուր»-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ առևտրի ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրներում ունի մոտ 15 հազար հիպերմարկետներ, սուպերմարկետներ եւ փոքր խանութներ: 2012թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացեց իր առաջին հիպերմարկետը՝ Թբիլիսիում: