Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար իրավահաջորդ է պատրաստում: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Պաշտպանության փոխնախարար, 43-ամյա Ալեքսեյ Դյումինն օրերս Տուլայի շրջանի նահանգապետ է նշանակվել: Եվ հենց այդ ֆոնին լրատվամիջոցներում անսպասելիորեն նրա «քաջության» մասին տեղեկություններ են հայտնվել:
Նախկինում նա ծառայել է որպես Պուտինի թիկնապահ և վստահելի օգնական, ինչպես նաև նախագահի հոկեյի անձնական ակումբում եղել է դարպասապահ:
Հենց նրան էր հանձնարարվել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վիկտոր Յանուկովիչի՝ գաղտնի կերպով Ռուսաստան տեղափոխելու օպերացիան: Ինչպես պարզվեց, նույն տարում հենց նա է ղեկավարել ռուսական բանակի հատուկ օպերացիաների ուժերը, որոնք վճռորոշ դեր են խաղացել Ղրիմի անեքսիայի գործում:
Ցուցաբերված արիության համար Պուտինը նրան գեներալի կոչում էր շնորհել և նրան նշանակել պաշտպանության փոխնախարար: Ըստ պարբերականի՝ Դյումինի նշանակումը Տուլայի նահանգապետ, նշանակում է, որ Պուտինը նրան հնարավորություն է տալիս քաղաքական փորձ ձեռք բերել առաջիկա բարձրացումից առաջ:
«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հեռուստառադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն գտնում է, որ Վլադիմիր Պուտինն Ալեքսեյ Դյումինին պատրաստում է որպես իր իրավահաջորդ:
Ներկայումս Կրեմլը հրապարակավ չի խոսում նախագահի իրավահաջորդի մասին: Սակայն 63-ամյա Պուտինը շուտով պետք է որոշում կայացնի, թե արդյոք արժե՞ թեկնածությունն առաջադրել 2018 թվականին, կամ փոխանցել պաշտոնը վստահելի անձին: