Օրեր շարունակ մամուլում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն պատրաստվում են կոալիցիա կազմել:
Լուրերն ավելի համառորեն սկսեցին շրջանառվել, երբ որոշ տեղեկություններ տարածվեցին արդեն իսկ կայացած պայմանավորվածությունների մասին:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ արդեն որոշված է, թե ինչ պորտֆելներ կտրվեն ՀՅԴ-ին կոալիցիա մտնելուց հետո. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կփոխարինի ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանը, իսկ Տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը:
Բացի այդ, «Դաշնակցությանն» է տրվելու 6 փոխնախարարի պաշտոն և 2 մարզպետի՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն, չենք կարող ասել, որ ձևավորվում է կոալիցիոն կառավարություն, քանի որ չգիտենք, թե ինչ ձևաչափով է լինելու երկու քաղաքական ուժի համագործակցությունը՝ կոալիցիայի՞ սկզբունքով, ինչպես պնդում է ՀՀԿ-ն, թե՞ անթև համագործակցության սկզբունքով, ինչպես պնդում է ՀՅԴ-ն:
Հարցին, թե որքանո՞վ քաղաքացիների շրջանում կընկնի ՀՅԴ-ի վարկանիշը հնարավոր կոալիցիայի ձևավորումից հետո, Բադալյանն ասաց.
«Հատուկ սոցիոլոգիական հարցումներ պետք չէ անցկացնել՝ հասկանալու համար, որ ՀՅԴ-ն այսօր չունի բավականին բարձր հեղինակություն և նրա ետևից հարյուր հազարավոր ընտրողներ չեն գնում, բնականաբար, ասել, որ ՀՅԴ-ն վարկանիշ կգցի, մի քիչ դժվար է, որովհետև վարկանիշ գցում է վարկանիշ ունեցող կառույցը՝ բավական բարձր վարկանիշ ունեցող կառույցը: Իսկ եթե դու ունես պայմանական շատ քիչ վարկանիշ, դրա կեսն էլ գցես, դա էական ազդեցություն չի ունենա»: