«Փառք Աստծո, որ ոչ մի զոհ չեղավ»,- այս մասին այսօր Կրեմլում մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը՝ անդրադառնալով 2018թ․ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև տեղի ունեցած առճակատմանը, որի ժամանակ, ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին կատարել:
Հարցին՝ տեղի ունեցածը սադրանք էր, թե ոչ, Պուտինը արձագանքեց․
«Հասկանալի էր Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը, քանի որ այնտեղ ընտրություններ են սպասվում, դա արվել է իշխող նախագահի վարկանիշի բարձրացման համար»,-ասել է նա։
Պուտինը երևույթը որակել է շատ վատը և նշել, որ դա անդրադառնում է առաջին հերթին Ուկրաինայի ժողովրդի և պատմության վրա։
«Պորոշենկոյի վարկանիշը գուցե բարձրացավ՝ 5-րդ հորիզոնականից երևի 2-րդ հորիզոնական, սակայն երկրի հաշվին վարկանիշ բարձրացնելը վատ է»,-ասել է ՌԴ նախագահը։