Նախատեսվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին հանդիպում կանցկացնեն ՌԴ ԱԳ նախարարի Մյունխեն այցի ընթացքում, որտեղ նա մասնակցելու է անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին և Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ կարևոր է չկորցնել նշմարվող միտումը, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք անհրաժեշտ լուծել սիրիական կարգավորման գործընթացին դինամիզմ հաղորդելու համար»,- ասել է նա:
«Հանդիպումներ են պլանավորվում թե՛ Ջոն Քերիի, թե՛ արևմտյան այլ գործընկերների հետ»,- հավելել է Զախարովան:
Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստը Մյունխենում նախատեսված է փետրվարի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: