Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց գործադիրի 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշման նախագիծը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

 

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 13-ի N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել»,- ասաց Նազարյանը:

 

Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց պատրաստել նախագիծ, որով համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությունից կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը: