Երևանի Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգի հետ որևէ կապ չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: «Այդ միջադեպը մեր համերգի հետ որևէ կապ չի ունեցել: Համերգը սկսվել և ավարտվել է մեր ֆիքսած ժամին: Համերգը կազմակերպվել և անցկացվել է բարձր մակարդակով: Իսկ եթե հրդեհ եղել է, ապա եղել է այն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը հաջողվում է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարողանում հավաքել աշխարհացունց միտինգի կազմակերպիչները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավագյանը:

 

Նա նշեց, որ այդ հրդեհը եղել է իրենց կամզակերպած միջոցառման ավարտից հետո: Նա ընդգծեց, որ հրդեհի մանրամասներից տեղյակ չէ, քանի որ այն եղել է միջոցառման ավարտից հետո: «Ես արդեն այդ մասին ասել եմ, եթե հուր ու կրակ կա՝ միայն մեր սրտերում և հոգիներում: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության բոլոր անդամների հոգիներում և սրտերում կա հուր և կրակ»,- նշեց պատգամավորը:

 

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին: Ամբողջությամբ այրվել է 2-րդ հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ 45 քմ և ջերմահարվել է հարևանությամբ գտնվող հանդերձարանը՝ 45 քմ մակերեսով:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս.Ազարյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա.Ցոլակյանը, Մ.Ղազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը, ՓՈւՎ պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը և ՃԿԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ համայնքային բաժնի պետեր և ՀՓՋ հրամանատարներ:

 

Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Մարզահամերգային համալիրում տոնական համերգ էր կազմակերպել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: