«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի պնդումը, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը 60 միլիոն դրամ պարտք ունի ընկերության հանդեպ, ուռճացված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հուլիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՊՆ-ն «վերջին շրջանում միջոցառումներ է անցկացրել համալիրում և մինչ օրս չի վճարել այդ միջոցառումների արդյունքում համալիրին հատկացվելիք 60 միլիոն դրամ պարտքը»:

 

«Նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից' ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

 

Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության թիվ 125 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1 մլն 713 հազար 508 ՀՀ դրամ, իսկ վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ին վճարել է 29 մլն 951 հազար 561 ՀՀ դրամ' ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:

 

Իսկ մարզահամերգային համալիրը պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո' 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավելի, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:

 

«Հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների' ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում»,- հայտնում է ՊՆ-ն: