Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր աճուրդի ընթացքում գնորդ չի արձանագրվել: Դա նշանակում է, որ աճուրդ չի կայացել: Համալիրի հետագա ճակատագիրը կվճռվի օրենքով սահմանված կարգով: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանն տեղեկացրեց, որ եթե գնորդ չի լինում, ապա նշանակվում է կրկնակի աճուրդ, իսկ գինը նվազում է 10 տոկոսով: Կրկնակի աճուրդը հայտարարվում է յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը:

 

Մարզահամերգային համալիրը հանվել էր աճուրդի: Աճուրդը մեկնարկել էր մայիսի 19-ին, ավարտվել 29-ին: Շինության աճուրդի համար ընթացիկ առաջարկը 19 միլիարդ 350 միլիոն դրամ էր, նախավճարը' 967 միլիոն 500 հազար դրամ, առաջարկի քայլը' 100 հազար դրամ:

 

2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն' պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար' բռնագանձումը տարածելով գրավի առարկայի' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա: