Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին: Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ի հաշվեկշռի վրա գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

 

Նախարարի խոսքով՝ ընկերությունը պարտավորվել է պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում փաստացի 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը: «Ընկերությունը նաև պետք է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովի ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, ինչպես նաև մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք' հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

 

«ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը նպատակ ունի խոշոր ներդրումային ծրագրով վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև' տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

 

Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատրակցիոնն ունենալու է ավելի քան 18 հազար քմ մակերես, աշխատելու է 12 ամիս: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:

 

Ծրագրի ընդհանուր ծախսերը' ներդրումների չափը, գերազանցում է 100 մլն դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերը հաստատվելուց հետո, սակայն հաստատապես չի նվազի նշված չափից: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Ծրագիրը կապահովի առնվազն 250 նոր աշխատատեղ:

 

Համալիրի կառավարումը պետք է իրականացնի միջազգային հանրային կապեր հաստատող մարմին, որը պետք է համագործակցի միջազգային ճանաչում ունեցող խոշոր մարկետինգային և տուրիստական գործակալությունների հետ, ներառյալ American Express, AAA, Diners և այլն: Կառավարումը պետք է կապ հաստատի նաև միջազգային երաժշտական (համերգներ կազմակերպող) ընկերությունների հետ, ինչպիսիք են Virgin records, Sony records, EMI, դրա հետ միաժամանակ, համերգային կենտրոնները պետք է ամրագրվեն միջազգային գերաստղերի հետ: