Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը:
Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե′ տարբեր լրատվամիջոցներում, թե′ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կ. Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել… Կարեն Կարապետյանի համար պաշտոնն ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում:
Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրն այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կամ ընտրությունն է:
Կարեն Կարապետյանի գրասենյակ