Մինչ մենք խոսում ենք Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին, իշխող կուսակցությունը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան է ընտրում իր թեկնածուին:

 

Բնականաբար, արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով կլինի մեր հաջորդ ՄԻՊ-ը, այդպես էլ եղավ: Սակայն նույն ՀՀԿ-ն նույն հաջողությամբ կարող էր որոշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տեղը պետք է զբաղեցնի ընդդիմադիր ուժերի առաջադրած թեկնածուներից մեկը:

 

Ես արդեն նախկինում գրել էի, որ այդ տեղի համար ամենահամապատասխանը համարում եմ Զարուհի Փոստանջյանին՝ զուտ օբյեկտիվ պատճառներով, նույնիսկ չկիսելով վերջինիս հայացքները: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հանրության կողմից քիչ թե շատ ճանաչված անձ և իմ համոզմամբ՝ ընդդիմադիր հայացքներով: Նորընտիր ՄԻՊ-ի մասին չեմ կարող ասել, թե հանրության կողմից ճանաչված է եղել, նաև չեմ կարող պատկերացնել, թե ինչպես իշխանական թիմի ներկայացուցիչը կարող է արդյունավետ աշխատել այդ պաշտոնում, կարո՞ղ է արդյոք անհանդուրժող լինել մարդու իրավունքների ցանկացած խախտման նկատմամբ, ինչպես ինքն է արդեն ասել…

 

Ցանկալի կլինի, որ ես սխալված լինեմ, և նոր ՄԻՊ-ն իր աշխատանքով ցույց տա, որ իշխանական թեկնածուն էլ կարող է լինել անկախ, չնայած առայժմ դժվար է հավատալը: Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա:


Կարեն Վարդանյան