Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց դիրքորոշումների մեջ, կարծես թե, մի փոքր խախտել էին հավասարության նշանը՝ հօգուտ Հայաստանի: Մասնավորապես՝ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, երբ համանախագահները հանդես էին եկել ԵԽԽՎ-ին ուղղված կոչով՝ չընդունել Ռոբերտ Ուոլթերի և Միլիցա Մարկովիչի հակահայկական բանաձևերը, և այդ կոչը մասամբ իր ազդեցությունը թողել էր: Սակայն սա ժամանակավոր տպավորություն էր, որովհետև համանախագահներից Ջեյմս Ուորլիքն իր վերջին հարցազրույցներում շտապեց կրկին հիշեցնել ազատագրված շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու խնդրի մասին՝ ասելով, որ «հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը»:
Ահա այստեղ է, որ համանախագահների մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող համընկնել հայկական կողմի մոտեցումներին, որովհետև որևէ տարածքի վերադարձի հարց մեր կողմում առայժմ քննարկման ենթակա չէ և հուսով եմ՝ չի էլ լինի: Բայց քանի որ դա չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, ապա կրկին կարող եմ ասել, որ բանակցությունները՝ թեկուզ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, տանում են դեպի փակուղի, քանի որ այս հարցը պարբերաբար կարող է բարձրացվել, սակայն այն չկա մեր օրակարգում և անընդունելի է մեր կողմից: Այնպես որ՝ առայժմ ուղղակի շարունակվում է ժամանակ ձգելու պրոցեսը, այլ հարց է, թե մինչև երբ…
Կարեն Վարդանյան