Ցավոք, հերթական, որևէ առաջընթաց չենթադրող բյուջեն է, գրեթե նույնը, նախորդ տարիների կրկնությունը: Այս մասին այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Վերջինիս կարծիքով՝ ընդհանրապես ՀՀԿ-ի միանձնյա իշխանությունը՝ 12-ից սկսած և դրանից առաջ էլ, ընդամենը մի անգամ է բերվել հավակնոտ և լուրջ ծրագիր ենթադրող բյուջե:
«Իրականում գոյատևման, ժամանակ ձգելու բյուջե է և, ցավոք, նոր կառավարությունն էական որևէ բան չի արել այս տարիների ընթացքում որական թռիչքներ ապահովելու համար»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ այս բյուջեն ոչինչ չի անի:
«Եթե լսել եք քննարկումները և ՀՀԿ-ի տեսակետը բյուջեի մասին, ապա տեսել եք, որ նախորդ տարիներին շատ ավելի ինքնավստահ էին փորձում ապացուցել, այս անգամ գրեթե մանրադիտակով փորձում էին դրական բաներ գտնել բյուջեում»,- ասաց նա: