2008-2013 թվականներին ՀՀ բնապահպանության նախարար, այնուհետև Կոտայքի մարզպետ, իսկ այժմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր պաշտոնանկության մասին հրապարակումները բավական ցավոտ է ընդունում: Այսօր մամուլում հրապարակվեց, որ վերջինս ազատվելու է կոմիտեի նախագահի պաշտոնից և այլևս ոչ մի պաշտոնում չի նշանակվելու: ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց Արամ Հարությունյանից մեկնաբանություն ստանալ նշվածի վերաբերյալ, սակայն, նախկին նախարարը, ով երբեք էլ աչքի չի ընկել լրագրողների հետ իր քաղաքակիրթ վերաբերմունքով, վրդովվեց զանգից: Նա, անգամ հարցը չլսելով, միանգամից վրդովված ասաց, որ մենք խանգարում ենք իրեն և չենք հասկանում, որ աշխատանքի մեջ է: «Պաշտոնանկությունն ի՞նչ կապ ունի, Ձեր հարցը հասկանո՞ւմ եք՝ ինչ ա: Երբ որ լինի, առաջինը դուք կիմանաք»,- ասաց Հարությունյանը:

 

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ ինքը չի՞ հերքում, որ առաջիկայում կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին, Արամ Հարությունյանն ասաց. «Ես նման բան ասացի՞: Դա ձեր մեկ հա՞րցն էր: Ուշադիր լսեք ու գրեք, որ հանկարծ չխառնեք: Երբ որ լինի, դուք կիմանաք սահմանված կարգով»,- պաշտոնյանին ոչ վայել տոնով հայտարարեց Արամ Հարությունյանը:

 

Իհարկե, հասկանալի է, որ ցանկացած մարդու իրավունքն է մեկնաբանություն տալը կամ դրանից հրաժարվելը: Սակայն, դրա համար գոյություն ունեն քաղաքավարության նորմեր և կանոններ, լրագրողների հետ շփվելու ձև և տակտիկա, որը պարոն Հարությունյանը չի ցանկանում կիրառել առօրյայում:

 

Հարկ ենք համարում նշել, որ պարոն Հարությունյանի կենսագրությունում նմանատիպ դեպքեր եղել են, երբ պաշտոնյա լինելով հանդերձ՝ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր հետ շփման մեջ մտած անձանց հետ: Մասնավորապես՝ 2014 թվականի մարտի 25-ին «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել բնապահպան ակտիվիստների և Հարությունյանի միջև: Բնապահպանները, ի նշան Հայաստանի ջրային ավազանի աղտոտվածության դեմ բողոքի, այն ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արամ Հարությունյանին առաջարկել էին խմել Հայաստանի գետերի ջուրը, նա էլ նախ խորհուրդ էր տվել «առանց գրագիտություն իմանալու՝ հիմարություններ դուրս չտալ», ապա երիտասարդներից մեկին սպառնացել՝ «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

 

Հարությունյանը կոշտ էր հակադարձել նաև իր հետ բանավեճի մեջ մտած բնապահպան Աննա Շահնազարյանին, մասնավորապես ասելով՝ «Աղջիկ ջան, Դուք երիտասարդ հիվանդ եք, պետք է բժշկի դիմեք»: Նախագահականում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն արձանագրել է, որ նման արտահայտությունների գործածումն «անհարիր է բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակին և կերպարին»: Նախկին նախարարի անվան հետ են կապվում մի շարք միջադեպեր, որոնք մամուլում ակտիվորեն շրջանառվել են: Միգուցե Հարությունյանի վրդովմունքի պատճառը «թոշակի գնա՞լն է», դժվար է ասել, մնում է սպասել հետագա զարգացումներին:

 

Քրիստինա Աղալարյան