Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանը։

Ավելի վաղ, ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Հունան Տեր-Վարդանյանը նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

 

Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: