Մոտ մեկ տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորել։ Իսկ այժմ, այդ նույն կառավարությունը որոշեց կրկին առանձնացնել դրանք, քանի որ, ըստ հրապարակումների, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրումից Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի «Դաշնակցությանը»։ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախարար Արմեն Երիցյանի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի գնահատեց՝ մեկ տարվա ընթացքում իրենք ծանրակշիռ գործ են արել։
«Իրականում գնահատականը կտա ժողովուրդը և Հանրապետության ղեկավարությունը։ Կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք դրվել էին, լուծվել են։ Սա բացարձակ ինքնագովեստ չէ։ Վերջին հաշվով, բոլոր նախարարությունները, ուզեն, թե չուզեն, մեկ տանիքի տակ են աշխատելու, մեկն առանց մյուսի չի կարող աշխատել: Եթե որևէ նախարարություն որոշի միայնակ գայլի նման պահել իրեն, մտածի, որ միայնակ կարող է աշխատել, կձախողվի։ Ես կարծում եմ, որ մեր ողջամտությունը հերիքում է, որպեսզի մեր իսկ նախարարության շահերից ելնելով՝ համերաշխ ու համագործակցված աշխատենք մյուս կառույցների հետ: Կարծում եմ՝ առանձնապես բարդություն չկա, տեխնիկայի խնդիր է»,- տեսակետ հայտնեց Անդրանիկ Հակոբյանը։
Հարցին՝ իր կարծիքով, ավելի արդյունավետ է միասնակա՞ն աշխատելը, թե՞ առանձին-առանձին, ինչպես մեկ տարի առաջ էր, ՏԿԱԻՆ նախարարի խորհրդականը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ երկու դեպքում էլ սկզբունքային տարբերություն չի լինի, որովհետև ԱԻՆ-ը աշխատում է ժողովրդի համար, համագործակցում է տեղական ինքնակառավարման բոլոր կառույցների հետ։ Մենք միասին ենք աշխատելու։ Կարևորը վճռականությունն է՝ սեփական գործն ավարտին հասցնելու համար»,- եզրափակեց Անդրանիկ Հակոբյանը:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի դաշնակցական Դավիթ Լոքյանին։
Քրիստինա Աղալարյան