Այսօր «Հայազն» կուսակցությունը կազմակերպել էր համաժողով, որի ժամանակ առաջարկով հանդես եկան՝ ստեղծել Ազգային հեղափոխական ճակատ։ Իրենց հետագա անելիքների, առաջարկի մանրամասների հետ կապված` ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ։
- Արմեն, ի՞նչ ասել է Ազգային հեղափոխական ճակատ։ Փոքր-ինչ կմանրամասնե՞ք ձեր առաջարկի էությունը։
- Քանի որ 2016 թվականը նախընտրական տարի է, և 2017-ին բուն ընտրական պրոցեսներն են տեղի ունենալու, մենք որոշեցինք բաց առաջարկությամբ հանդես գալ մեր գաղափարակիցներին, որպեսզի միասնական ճակատով հանդես գանք թե' 2017 թվականի ընտրություններին, թե' հետընտրական զարգացումներին։
- Իսկ ինչո՞ւ հեղափոխական։
-Որովհետև այդ ընտրությանը մասնակցելով` մենք չենք ակնկալում միայն ԱԺ մանդատներ ստանալ ժողովրդից, այլ ակնկալում ենք հեղափոխության մանդատ, որը կստանանք քվեի միջոցով։ Մեր կարծիքով` ինքնահռչակ հեղափոխականությունը չի կարող ապագա և հաջողություն ունենալ, իսկ ընտրությունների արդյունքում ժողովրդի՝ հատկապես ընդդիմադիր ազգային շրջանակների քվեն ստանալով` մենք կկարողանանք լեգիտիմ իրավունքով գործել և մեր առջև դրված բոլոր նպատակներն իրագործել։
- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին ձեր նպատակներից մեկն ապագա խորհրդարանում մանդատներ ունենալն է։
- Մեր գլխավոր նպատակն Ազգային հեղափոխություն իրականացնելն է, իսկ դրա ճանապարհին ընտրություններին մասնակցելը կամ ԱԺ-ում տեղեր ստանալն, ընդամենը տեխնիկական աշխատանքներ են։
- Այսինքն՝ ձեր թեկնածուներն արդեն ունե՞ք։
- Ոչ, պրոցեսն ամբողջությամբ տարբերվելու է դասական նախընտրական պրոցեսներից։
- Ո՞ր ուժերը կամ ովքե՞ր են ընդգրկված լինելու Ազգային հեղափոխական ճակատի կազմում՝ քաղաքացիակա՞ն հատվածը, քաղաքական ուժե՞րը, թե՞ այլ անդամներ են լինելու։
- Չեմ կարծում՝ ճիշտ է քաղաքացիականի և քաղաքականի բաժանումը։ Մեզ հետ միասին աշխատելու ենք այն մարդիկ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և պատկերացումները։ Մենք մարդկանց չենք առաջարկում գալ միանալ կուսակցությանն, այլ բաց առաջարկով ենք հանդես գալիս։ Չենք ուզում, որ ինչ-որ մեկը մտածի, որ այստեղ թիմային խնդիր կա, այսինքն՝ մենք այն թիմով, որով աշխատել ենք, դրանով ուզում ենք սկսել այս պրոցեսը։ Ընդհակառակը` մեր դռները բաց են, եկեք բոլորով միավորենք մեր ուժերը, և ովքեր կստանան մեր համակիրների աջակցությունն ու տեղ կգտնեն ցուցակներում, իրենք էլ կդառնան այս շարժման լիդերները։
- Շարժումն առանձնանալու է նրանով, որ լիդերները երիտասարդներ են լինելու: Այսինքն՝ քաղաքական սերնդափոխությո՞ւն եք նախատեսում։
- Մեր շեշտերից մեկն էլ հենց սերնդափոխությունն է, մյուսը՝ ընդդիմափոխությունը։ Ոչ ոք չի կարող հերքել, որ նախկին ընդդիմությունները հիասթափեցրել են ժողովրդին։ Մենք գալիս ենք փոխելու նախկին ընդդիմությանը, մենք գալիս ենք մեր նոր սերնդի խոսքն ասելու, քանի որ գործընթացի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։
Քրիստինա Աղալարյան