Մարտին կայանալիք Կուբա պատմական այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշել Օբաման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է իր ամենշաբաթյա տեսաուղերձի ժամանակ:

 

«Երբ Միշելը և ես գալիք ամիս ուղևորվենք Հավանա, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա վերջին 90 տարվա մեջ»,- ասել է Օբաման' ամերիկյան ժողովրդին հղած ուղերձում, որը նա այս անգամ նվիրել էր մարտի 21-22-ին նախատեսված «Ազատության կղզի» այցին:

 

Օբաման ընդգծել է, որ առաջիկա այցն ավելի քան մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունն է: Երկու երկրների նախագահները 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների սկսման մասին: