Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրագրողների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին և դատապարտեց այն:

 

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մամուլում լայնորեն քննարկվում է Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ միջադեպը և դատապարտեց այն.
«Ես որպես էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, որպես լրագրող՝ իմ մտահոգությունն եմ հայտնում լրագրողների, նրանց աշխատանքը խոչընդոտելու, նրանց պիտակավորելու, վիրավորանքների վերաբերյալ: Մենք, ի դեմս լրագրողների՝ գործ ունենք հանրությանը մեզ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, և իմ հորդորն է, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք էթիկայի կանոնները, միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ԱԺ-ում նման պրակտիկային վերջ տալ, որովհետև դա ոչ միայն ազդում է է ԱԺ-ի հեղինակության վրա, այլ նաև ուղղակիորեն խոչընդոտում է լրագրողական գործունեությունը: Ես՝ որպես պատգամավոր, հարկ եմ համարում նշել, որ դատապարտում եմ նմանատիպ երևույթները»:

 

Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Մենք ևս դատապարտում ենք, պարոն Փաշինյան, և միանալով Ձեզ՝ ուզում ենք կոչ անել, որ բոլորս այս դահլիճում և այս դահլիճից դուրս ոչ միայն պատգամավորները լրագրողների հետ շփվելիս, այլև լրագրողները պատգամավոներների հետ շփվելիս, բոլորը, ովքեր մասնակցում են պառլամենտական գործընթացներին, քաղաքական գործընթացներին, իրար հետ փոխադարձ շփումների ընթացքում պահպանեն էթիկայի կաննոնները: Կարծում եմ՝ դա ընդհանուր կանոն է»: