ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու առաջին օրվանից մինչ այսօր՝ համարյա 20 տարի, եղել են միասին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով այսօր ստորագրվելիք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրին։

 

«Իրենց խաղերը, թե մի օր բաժանվել են, ընդդիմադիր են եղել, դատարկ խոսքեր են եղել։ Կարևորը գործողություններն են։ Իրենք մշտապես եղել են միասին և 20 տարվա ընթացքում տապալել են երկիրն էլ, ժողովրդին էլ։ Այսօրվա վիճակը դրա ապացույցն է։ Հիմա իբր նորից միացել են: Գիտե՞ք՝ ընտանիքներ կան, որ շաբաթը երկու անգամ բաժանվում են, երեք անգամ միանում։ Դրան է նման։ Ո՞ւմ են խաբում, իրենք երբեք չեն եղել միասին նույն կերակրամանի շուրջ: Միշտ են եղել, պարզապես քաղաքական խաղեր են իրականացրել: Միասին Մարտի 1 են արել, Հոկտեմբերի 27 են արել»,- ասաց Գիմիշյանը։

 

Նրա խոսքով՝ նույն կերպ են վարվել ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: «Նրանք համարյա միշտ եղել են միասին: Ինչ արել են, միասին են արել։ Արդյունքն էլ շատ վատն է։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե ինչ-որ բան փոխվի, և այս երկիրը դեպի լավը գնա: Եթե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան որևէ դրական բան բերի՝ ես կողջունեմ դա»,- հավելեց Սոս Գիմիշյանը:

 

Անդրադառնալով ՕԵԿ կուսակցության վերափոխմանը «Հայկական վերածնունդի», Գիմիշյանը միայն հաջողություն մաղթեց այդ կուսակցությանը։ «Դա իրենց գործն է, ես ցանկանում եմ հաջողություն, եթե իրենք գործելու են ի շահ երկրի, ժողովրդի, ոչ թե կատարելու են այլոց արտաքին պատվերները։ Ես զզվում եմ այն քաղաքական ուժերից, որոնք առավոտից երեկո կատարում են այլոց պատվերները։ Առավել զզվելի է, երբ դա անում է իշխանությունը, դրա ապացույցն է ընդունված Սահմանադրությունը, որը հակապետական, հակահայկական, հակաքրիստոնեական է և դրսի պատվեր։ Ինձ համար բոլոր այն ուժերը, որոնք նպաստել են այս փնթի փաստաթղթի ստեղծմանը, ինձ համար այլոց պատվերներ կատարողներ են»,- իր խոսքը եզրափակեց Սոս Գիմիշյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այսօր կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը:

 

Քրիստինա Աղալարյան