Գարիկ Խաչատրյան ու Ազնիվ Սարգսյան զույգն անգամ կռվի դաշտում է միասին: Նրանց դուստրը՝ Մարսետա Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ հայրը 25 տարի ապրում է զինվորականի կյանքով, մայրն էլ, մոտավորապես, 7 տարի է, ինչ բռնել է ամուսնու ուղին. «Մայրիկի ոգեշնչման աղբյուրը հայրիկն է: Հանգամանքների բերումով միասին են առաջնագծում։ Միասին շատ բաներ են հաղթահարել ու երբեք չեն դժգոհել կյանքից, իրենց բաժնով բավարարվել ու 3 երեխա են մեծացրել՝ 2 աղջիկ, մեկ տղա»:
24-ամյա Մարսետան ասում է՝ հայրը սկզբում դեմ է եղել, որ կինը զինվորական դառնա. դժվարությամբ, բայց կարողացել են համոզել նրան:
Մարսետան թեև չի եղել կռվի դաշտում, սակայն գիտի՝ ինչ է պատերազմը և զինվորականի կյանքը. «Ես ու քույրս ծնվել ու մեծացել ենք Ստեփանակերտում, ամուսնացել՝ Երևանում: Եղբայրս 16 տարեկան է, սեպտեմբերի 27-ին է Արցախից եկել Հայաստան, բայց ուզում է վերադառնալ հայրենի հող»:
Աղջիկը նշում է, որ իրենք երբեք դեմ չեն եղել, որ իրենց մայրը նվիրվի զինվորական գործին. «Մենք ամբողջ կյանքում զինվորական համազգեստ ու գրքույկներ ենք տեսել ու ուզում էինք, որ մայրս էլ պատերազմին մասնակցի: Պատերազմի հենց սկզբից ռազմի դաշտում են եղել, Ապրիլյան պատերազմին ևս միասին առաջնագծում էին»: