Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի է ունեցել ոգեկոչման հանդես' նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բացման խոսքով հանդես է եկել թանգարանի տնօրեն արժանապատիվ Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը: Այնուհետև ցուցադրվել է «Շողակաթ» Հ/Ը կողմից նկարահանված ֆիլմը' նվիրված Ռուբեն Սևակի կյանքին և նահատակության պատմությանը:

 

«Ռուբեն Սևակ առեղծվածային բանաստեղծը» խորագիրը կրող բանախոսությամբ հանդես է եկել գրականագետ, ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Ցերեկույթի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչել են Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից:

 

Հանդեսի երաժշտական բաժնում ելույթ են ունեցել «Հայաստանի նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները:

 

Ոգեկոչման հանդեսը եզրափակվել է Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնության խոսքով: