Պարզվում է՝ մեր երկրում ամեն բան այնքան էլ վատ չէ, որքան կարող էր թվալ առաջին հայացքից: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2016-ի հունվարի ցուցանիշները, որոնք, երբ համեմատում ես 2015-ի հունվարի ցուցանիշների հետ, պարզվում է, որ երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության աճ՝ 5.5%-ի չափով. ՋԷԿ-երինը՝ 1.4%-ով, ՀԷԿ-երինը՝ 23.7%, ՀԱԷԿ-ը 0.4%: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրության ծավալներն աճել են 75.9%-ով: Ուրախալի է, այնպես չէ՞:
Բայց կխնդրեի չշտապել ներկայացրած թվերից համապատասխան հետևություններ անել, քանի որ սարսափելին դեռ առջևում է: Այսպես. համաձայն նույն այս վիճակագրության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտը, օրինակ, որով ամենաշատն ենք սիրում հպարտանալ, այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, անկում է գրանցել մի ամբողջ 55.9%-ով: Թե հատկապես ինչի հետ է սա կապված հիմա կփորձենք հասկանալ:
Եթե չեք մոռացել, այս ոլորտի կարևորության մասին մեզանում սկսեցին խոսել Տիգրան Սարգսյանի օրոք: Հենց այս վարչապետի կառավարման տարիներին էր, որ այս ոլորտը կարողացավ լայն քայլերով առաջ մղվել, վայելել լայն մասսայականություն՝ ապացուցելով իր կենսունակությունը: Հանրահայտ է, սակայն, որ չի կարող տնտեսության առանձին վերցրած ճյուղ անվերջ զարգանալ մի պարագայում, երբ ողջ տնտեսության մեջ տիրում են անկումային տրամադրություններ:
Եթե փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, ապա կգանք մի պարզ եզրահանգման. դադարել ենք մրցունակ արտադրանք տալուց, մենք այլևս մրցունակ երկիր չենք՝ չնայած այն հանգամանքին, որ, գոնե առերևույթ, անընդհատ խոսվում է պետության պատրաստակամության մասին՝ ամեն կերպ ֆինանսավորելու ու աջակցելու այս ոլորտը:
Փաստացի ստացվում է՝ պետությունը պետբյուջեից մեծ գումարներ է հատկացնում, օրինակ, նույն Գյումրու տեխնոպարկին՝ հույսով, որ կաշխատի ու աճ կապահովի, սակայն հանկարծ պարզվում է, որ ոլորտում 55.9% անկում է գրանցվում՝ զրոյացնելով գործադրված բոլոր ջանքերը: Ստացվում է, որ մենք դարձել ենք «ուրիշի ճրագ» ու ընդամենը զբաղված ենք զարգացած երկրներին որակյալ կադրեր ապահովելո՞վ: Այդ դեպքում այս ամենում է՛լ ո՞րն է մեր երկրի օգուտը: Մրցունակության անկման հիմնական պատճառներից մեկն էլ, անշո՛ւշտ, շարունակվող արտագաղթն է, որը լայն տարածում ունի մանավանդ բարձր որակավորում ունեցող մասնագետների շրջանում. ինչո՞ւ միևնույն աշխատանքի համար վաստակել ամսական, ասենք, 500 000 դրամ, երբ արտասահմանում կարելի է ստանալ տասն անգամ ավելի շատ աշխատավարձ ու ապրել անհամեմատ ավելի լավ պայմաններում: Դե իսկ փոքր ու միջին ընկերությունների՝ մեկը մյուսի հետևից փակվելու մասին է՛լ չխոսենք: Վերջին շրջանն այս առումով ռեկորդային կարելի է համարել, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք:
Մեր կարծիքով՝ ոլորտը ճահճից դուրս բերելու համար հարկ է արտակարգ միջոցներ կիրառել՝ սկսելով նախևառաջ հարկային ճիշտ քաղաքականությունից. պետք չէ ծանրաբեռնել ոլորտը ծանր հարկերով՝ տալով խելացի երիտասարդներին ինքնադրսևորվելու հնարավորություն: Հարկավոր է պետական մակարդակով աջակցել արտահանմանը, փնտրել նորանոր շուկաներ, ուր հայկական արտադրանքը կունենա պահանջարկ: Բարդ բան է, բայց այլընտրանք պարզապես չունենք. եթե այս ոլորտն էլ անկում ապրեց, վերածվելու ենք բացառապես հումքային երկրի՝ որպես հիմնական հումք ունենալով քարն ու պղինձը. անհեռանկարային է հնչում, այնպես չէ՞:
Դավիթ Բաբանով