Հայաստանում նախագահական ընտրական գործընթացներին զուգահեռ՝ իշխանության ներսում ծավալվում կամ խմորվում են զարգացումներ, որոնք զուտ ֆորմալ, արարողակարգային առումով լինելով տարբեր՝ տրամաբանական միևնույն շրջանակի մեջ են՝ զգալիորեն շաղկապված լինելով իրար: Ավելին՝ նախագահական ընտրությունը այս ամենում ոչ այնքան թելադրող, որքան հարակից և ինչ-որ առումով ընդամենը որոշակիորեն կանխորոշիչ գործընթաց է:
Իշխանության ներքին խմորումներում առանցքային հարցերից մեկը դարձել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի նոր կոալիցիայի հարցը: Դրանում ամենաշահագրգռված անձը, բնականորեն, Հովիկ Աբրահամյանն է՝ ոչ միայն այն պատճառով, որ նա չի կամենում իր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ լինել տարբեր ճամբարներում, այլ որովհետև Աբրահամյանը փորձում է որևէ մեծ ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին, առավել ևս, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնում նա տապալում է արդեն երկրորդ ընտրությունները՝ խորհրդարանականից հետո:
Զուգահեռաբար Հովիկ Աբրահամյանը փորձում է ԲՀԿ-ին կոալիցիա ներգրավելով՝ իշխանության, այսպես ասած, օլիգարխիկ-պահպանողական թևին ցույց տալ նաև, որ ունակ է լուրջ հարցեր լուծելու և հետևաբար այդ թևի առաջնորդը լինելու՝ Սերժ Սարգսյանի ժառանգորդ դառնալու հեռանկարով: Այսինքն՝ ԲՀԿ-ին մտցնելով կոալիցիա, Հովիկ Աբրահամյանը կփորձի օլիգարխիկ-պահպանողական թևը կոնսոլիդացնել իր շուրջը:
Այստեղ առկա է նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան, սակայն նա այս առումով կենսունակ կարող է լինել ԲՀԿ-ն վերցնելու պարագայում, ինչում Քոչարյանն ակնհայտորեն դժվարություններ ունի: Օսկանյանը լռություն է հայտարարել, իսկ ԲՀԿ-ականներն էլ մեկը մյուսի հետևից հայտարարում են Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Հովիկ Աբրահամյանն էլ շահագրգռված է, որ Քոչարյանը քիչ միջամտի, քանի որ այս դեպքում Աբրահամյանը կարող է կասկածվել գործարքի մեջ և վստահությունը կորցնել Սերժ Սարգսյանի մոտ, ինչպես մի քանի անգամ արդեն եղել է:
Օլիգարխիկ-պահպանողական թևի համար կոնսոլիդացիոն գործընթացը կարևոր է, քանի որ հետընտրական շրջանում այս թևը անխուսափելիորեն հայտնվելու է թիրախի դերում: Ընդ որում, սա պայմանավորված է լինելու ոչ թե իշխանության մեջ, այսպես ասած, հակաօլիգարխիկ թևի հավակնություններով և պատկերացումներով, որոնք իշխանական համակարգի հետագա պահպանման երաշիքները համարում են արդիականացումը, այլ նաև միջազգային հանրության պահանջներով, որի պլաններում ևս Հայաստանը տեղ ունի՝ որպես զգալիորեն փոփոխությունների ենթարկված պետական կազմավորում:
Ներկայիս ընտրություններում սա է ամենաէական հարցերից մեկը: Սակայն, այսպես ասած, հակաօլիգարխիկ թևում խնդիր ունի իշխանության մեջ վերածվելու հրապարակային համակարգի, մրցակցության նոր մակարդակի և արդյունավետության, նաև իշխանության մեջ հակակշիռների մեխանիզմը հստակեցնելու: Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա ԲՀԿ-ի կոալիցիա դառնալը ընդամենը կարագացնի այդ կուսակցության չեզոքացումը որպես գործոն: Եթե ոչ, ապա հավանական է, որ ականատես կլինենք ԲՀԿ-ի վերակենդանացման, ընդ որում՝ Ռուսաստանի և Արևմուտքի համատեղ ուժերով, որոնց շահերից կբխի Սերժ Սարգսյանի համար, այսպես ասած, հակակշիռ-մահակ պահելու հեռանկարը՝ ընդդեմ օրեցօր կարծրացող ՀՀԿ-ի: Իսկ այդ իրավիճակը բնականորեն կերկարաձգի օլիգարխիկ թևի կյանքը ևս հինգ տարով: Ներիշխանական զարգացումների շրջանակում գործընթացի առանցքում կարծես թե հենց այդ տրամաբանությունն է, որին էլ ընդամենը ծառայում են ներկայիս ընտրական գործընթացները:
Շատ ավելի կարևոր ընտրություններ լինելու են հետընտրական ժամանակաշրջանում, որտեղ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել համակարգը ևս հինգ տարով պահելու կամ համակարգի ներքին կառուցվածքն ու բովանդակությունը այլ մակարդակի բերելու հեռանկարների միջև:
Ներքին իմաստով այդ ամենը հասարակության խնդիրների հետ ոչ մի կապ չունի, բայց նաև ակնհայտ է, որ հնարավոր փոփոխությունները արտացոլվելու են նաև պետական կյանքում, առնվազն այն պատճառով, որ դրանցում էական շահագրգռություն ունեն նաև արտաքին կենտրոնները, որոնց համար Հայաստանի ներքին տրանսֆորմացիաները անհրաժեշտ են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների կոնտեքստում: