Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիային» անհաղթելի չի համարում:

 

Այս թիմերը միմյանց հանդիպելու են մարտի 5-ին՝ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում:

 

«Եթե չեմ սխալվում, «Բավարիան» այս մրցաշրջանում պարտվել է և՛ Բունդեսլիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում: Հարգում ենք «Բավարիային», սակայն գիտենք, որ ունակ ենք հաղթել նրանց և դա հաճախ ենք արել»,- կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Bild-ը:

 

Անդրադառնալով դորտմունդցիների հետ իր պայմանագրի երկարաձգմանը՝ ֆուտբոլիստը նշել է, որ իր՝ «Բորուսիայում» մնալու որոշումը կախված չէ Հումելսի և Գյունդողանի որոշումներից:

 

«Բնականաբար, նրանք ուժեղ ֆուտբոլիստներ են: Սակայն իմ որոշումները կախված չեն մյուս խաղացողների որոշումներից»,- ընդգծել է Հայաստանի հավաքականի ավագը: