Քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Սմբատ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: