Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ քրեական օրենգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեկան գործը վարույթ է ընդունվել: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հատազոտումն ապահովելու ուղղությամբ»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմանում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, նրա ներկայությամբ:
Մեկ այլ քրեական գործով գեներալ-մայոր Երանոսյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ։ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ, այն է՝ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: