Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության թղթածրար մտած փաստաթղթերը հետաքրքիր մանրամասներ են բացահայտում իրականացված ոճրի կողքին պետության, մասնավորապես ոստիկանության և հետախուզության գործողությունների վերաբերյալ: Գործի քննության շրջանակում հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որով պարզվել է, թե ինչու Դինքին երկար տարիներ անձնագիր չի տրամադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Դինքը շուրջ 25 տարի դիմել է Ստամբուլի անվտանգության վարչությանն անձնագիր ստանալու նպատակով, սակայն նրա դիմումները մշտապես հետ են ուղարկվել: Լրագրողի սպանության քննության շրջանակում գտնվել է 1997 թվականով թվագրվող մի փաստաթուղթ, որն ունի «գաղտնի» պիտակավորումը: Փաստաթղթում, Դինքից բացի, հիշատակում կա նաև այն ժամանակվա Պոլսո պարիարքի փոխանորդ, ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մասին:

 

«Ֆըրաթ Դինք անունով անձը հայանպաստ գործունեություն ծավալելու պատճառով մեր թիրախների շարքում է, նա Ստամբուլում հրապարակվող և հայերի կողմից լույս ընծայվող «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիրն է և մերձավոր կապի մեջ է Հայոց պատրիարքարանի աշխատակից, հայկական ազգայնական հակումներով հայտնի պատրիարքական փոխանորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ»,- գրված է 1997 թվականի փաստաթղթում:

 

Այս փաստաթուղթը դատարանը պահանջել է Դինքի գործով նախկին պաշտոնյաների մեղսակցության քննության շրջանակում:

 

Բացի այդ, հայտնաբերվել է ևս մեկ փաստաթուղթ, որով հայտնի է դառնում, որ պետությունը հետաքրքրված է եղել Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի և հանցագործության պատվիրատու Յասին Հայալի ազգային պատկանելությամբ: Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի կողմից ուղարկված բացատրության մեջ նշվել է, որ Գյումուշհանե քաղաքի Դեմիրօրեն գյուղի բնակիչ Բահաթթին Հուրիի որդու՝ 1981 թվականին Տրապիզոնում ծնված Յասին Հայալի ինքնությունն ուսումնասիրվել է մինչև 1904 թվականը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա ընտանիքի անդամների շարքում չկան կրոնափոխության դեպքեր կամ ոչ մուսուլմանական դավանանք ունեցող անդամներ: Նույն բացահայտումն արվել է նաև Օգյուն Սամասթի առնչությամբ:

 

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրական ակտ է պատրաստել նախկին և ներկա 26 պաշտոնյաների վերաբերյալ, որն ընդունվել էր Թուրքիայի Գլխավոր դատախազության, այնուհետև 14-­րդ դատարանի կողմից: Դրանով նախատեսվում է գործ հարուցել 26 անձի նկատմամբ, որոնց շարքում են Տրապիզոնի անվտանգության հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզական գրասենյակի ղեկավար Էնգին Դինչը, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայը, Ստամբուլ նահանգի անվտանգության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, հետախուզական վարչության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, անվտանգության աշխատակիցներ Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը և այլք: