Մարտի 18-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաք-երթը։ Հանրահավաքի օրակարգում են լինելու մի շարք օրհասական հարցեր՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, երկրում մարդու իրավունքների օրեցօր վատթարացող վիճակը և այլն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ ոստիկանության կողմից որևէ քայլ չի կատարվել իրենց առաջիկա հավաք-երթը խոչընդոտելու համար։ Փոխարենը, Ավետիսյանի խոսքով, Ազատության հրապարակում հերթապահություն իրականացնող անձանց նկատմամբ են նման քայլեր կատարվում։ «Մասնավորապես՝ երեկ խոչընդոտել են հովանոցը փոխելու գործողության ժամանակ։ Ժամանակ առ ժամանակ քաշքշում են տեղադրված պաստառները, աջ տարեք, ձախ տարեք, իջեցրեք պաստառները ու նման բաներ։ Իրենց նպատակն այդտեղից մեզ հեռացնելն է, բախում սադրելը, կամաց-կամաց ինչ-որ տարածքներ նվաճելը, ճղճիմ, մանր-մունր արարքներ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահը հավելեց, որ Ազատության հրապարակում նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ որոշումը չի կայացվել։