Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2014 թվականի ապրիլի 14-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժին է ներկայացրել այլ անձի տվյալներով, սակայն իր լուսանկարով կեղծ անձնագիր, մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին և հանձնելով դրական՝ ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է այլ անձի տվյալներով քննություններին ներկայացած անձի լուսանկարը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: