Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հայամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն ջանքերի համար, որ գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- դիմելով ՌԴ նախագահին' ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

ՀՀ Նախագահը նաև հավելել է, որ Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում' նկատելով, որ այդ համագործակցությունը ակտիվ զարգանում է: «Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

 

 

Նախագահը նշել է, որ մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը: «Քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին»,- նշել է նա:

 

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մարտի 10-ին Ռուսաստանի պատմության թանգարանում բացվում է նաև քաղաքակրթական մեծ ցուցահանդես: «Ես համոզված եմ, որ այդ ցուցահանդեսը դուր կգա Ռուսաստանի քաղաքացիներին և իր ներդրումը կբերի մեր ժողովուրդների եղբայրության ամրապնդմանը»,- եզրափակել է ՀՀ Նախագահը: