Երեկ մամուլում հրապարակումներ եղան, որ Գյումրիի «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։ Սակայն, ոստիկանությունը մինչ այս պահը չի հաստատում կրակոցների վերաբերյալ հրապարակումները։ Ավելի ուշ, shamshyan.com-ը գրեց, որ Շիրակի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան՝ վնասված վիճակում:
Ըստ տեղեկությունների՝ Lexus-ի սեփականատերը Գյումրիում հայտնի Չուբարի եղբոր տղան է:
Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին կրակոցների վերաբերյալ տեղեկությունը չի հիմնավորվել։ Ստուգումները շարունակվում են։
ԼՈՒՐԵՐ.com-ին դեպքի վերաբերյալ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ։ Ըստ այդմ՝ Գյումրիի Խանջյան 31 հասցեի մոտ երեկ երեկոյան իրար են բախվել Lexus 470 և Ford մեքենաները։ Բախումից Lexus-ի անիվը պայթել և տպավորություն է ստեղծվել, թե կրակոց է հնչել։ Մեր տեղեկություններով՝ Lexus 470-ի սեփականատեր, Գյումրիում հայտնի Չուբարի եղբոր տղան համակրում է Ford-ի վարորդի աղջկան։ Այսինքն՝ միջադեպը տեղի է ունեցել աղջկա պատճառով։ Այլ մանրամասներ մեզ այս պահին պարզել չհաջողվեց։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի