ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավար, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով  այսօր Արարատում տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց. «Կուսակցական որևէ խնդիր չկա: Ընդամենը իմ վարորդի տղայի հետ հեռախոսով վիճաբանություն  է տեղի ունեցել մի աղջկա պատճառով: Հեռախոսային վիճաբանությունից հետո հանդիպել են  ՀՀԿ-ի շտաբի հարակից տարածքում, որտեղ և տեղի է ունեցել այդ «ծեծկռտուք» ասվածը: Նորից եմ ասում՝ որևէ կուսակցական կամ ընտրությունունների հետ կապված խնդիր չկա»:

 

Ալիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանության աշխատակիցները  գտնվում են դեպքի վայրում և դեպքի հետ կապված այլ մանրամասների  չի տիրապետում: 

 

Հիշեցնենք, որ NewsBook.am-ի հաղորդմամբ՝ այսօր Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում' ՀՀԿ շտաբի հարևանությամբ, ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև:

 

Հենց ՀՀԿ շտաբի առջև իրար են սկսել ծեծել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները՝ «Գազի Գարիկ» անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը՝ Ազատն ու նրա որդին: Ականատեսների վկայությամբ՝ կողմերը հասցրել են պատռել միմյանց հագուստը, կռվարարներից մեկն անգամ ինչ-որ պահի զենք է պահել հակառակորդի վրա: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում' պատահական անցորդների աչքի առաջ:

 

Աղավնի Սուքիասյան