Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժ վիճաբանություն է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Չեխիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցների համար ընթրիքի ժամանակ, հայտնում է Skai-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ թուրք առաջնորդը հույն քաղաքական գործչին անսպասելիորեն մեղադրել է սադրանքների մեջ։
«Իր ելույթի վերջում [ընթրիքի ժամանակ] Թուրքիայի նախագահը Հունաստանին մեղադրեց սադրանքների և լարվածության աճի մեջ <…> Միցոտակիսն անմիջապես պատասխանեց, որ Թուրքիայի նախագահը պետք է դադարի կասկածի տակ դնել հունական կղզիների ինքնիշխանությունը»,- ասվում է հոդվածում։
Ինչպես նշվում է, Հունաստանի վարչապետը Էրդողանին մեղադրել է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ՝ կոչ անելով Թուրքիայի նախագահին երկխոսություն վարել առանց ծայրահեղ հռետորաբանության։ Միևնույն ժամանակ, Միցոտակիսը թուրք քաղաքական գործչին ասել է նաև, որ դա հենց այն է, ինչ պետք է անեն «պատասխանատու առաջնորդները»։
Skai-ի փոխանցմամբ՝ Էրդողանն այնուհետև լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հունաստանի վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպը։ Ինչպես պարզաբանել է Թուրքիայի նախագահը, հույն քաղաքական գործչին «մեծապես հուզել է» իր ելույթը։
«Եվ նա պատասխանեց մեզ: Նա կարծում էր, որ մենք կոպիտ ենք վարվում։ Բայց դա այդպես չէ <…> Դուք գիտեք, որ նրանց քաղաքականությունը հիմնված է ստի վրա։ Ամեն ինչ սուտ է»,- եզրափակել է Էրդողանը։