Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ համագյուղացիներից մեկի թաղման ժամանակ, տեղի բնակիչ Սմբատ Ըռքոյանը մոտեցել և կտրել է նույն թաղման մեկ այլ մասնակցի՝ Արսեն Մկրտչյանի պարանոցը:
Գեղհովիտի համայնքապետ Վարդան Պողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ երեկ զրուցել է դանակահարությունը կատարած Սմբատի ընտանիքի անդամների հետ: «Ծնողներն ասացին, որ 2-3 օր է՝ շատ անհանգիստ էր, անընդհատ ծխում էր ու հաց չէր ուտում: Ծնողները փորձել են պարզել անհանգստության պատճառը, սակայն չի ստացվել: Պարտք եղել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Տուն, տեղ, երեխա, ամեն ինչ էլ ունի Սմբատը, ու երբեք որևէ վիճաբանության մեջ չի էլ ընկել, որ ասենք՝ կռվարար տղա է: Բոլորիս համար էլ անակնկալ էր իր քայլը; Երկուսն էլ արտագնա աշխատանքով էին զբաղված ու ոչ մեկից էլ վատ բան չենք տեսել»,-մանրամասնեց Գեղհովիտի համայնքապետը: Մեր այն ճշտող հարցին, թե ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ թաղման արարողության ժամանակ վիճաբանություն է եղել ու այդ ընթացքում է Սմբատը կտրել Արսենի պարանոցը, այդպե՞ս է, թե՝ ոչ, համայնքապետը հերքեց. «Ոչ մի վիճաբանություն էլ չի եղել թաղման ժամանակ, ոչ էլ դրանից առաջ է եղել: Պարզապես թաղման արարողությունը սովորականի պես ընթանում էր, ու միանգամից եղավ այն, ինչ եղավ, հնարավոր է՝ Քննչականում շփոթմունք է եղել»:
Գեղհովիտի համայնքապետ Վարդան Պողոսյանը նաև նշեց, որ տեղյակ է պարանոցի հատվածում վիրավորում ստացած Արսեն Մկրտչյանի առողջական վիճակից՝ «նրա վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում»:
Արմինե Միքայելյան