Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն TRT World թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նրան դուր չի գալիս Ռուսաստանի դեմ պայքարը, սակայն, նա պարտավոր է պաշտպանել երկիրը:

 

«Ես ատում եմ Ռուսաստանի հետ պատերազմը, սակայն, որպես գլխավոր հրամանատար, պետք է պաշտպանեմ Ուկրաինան»,- մեջբերվում են Պորոշենկոյի խոսքերը նախագահի աշխատակազմի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

 

Հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկիրը կատարել է իր պարտավորությունները՝ Դոնբասում հրադադարի ռեժիմի հաստատման և ծանր զենքի դուրս բերման հարցում, իսկ «Ռուսաստանը՝ ոչ»:

 

Բացի այդ, Պորոշենկոն նշել է, որ «Ռուսաստանի ագրեսիան պայմանավորված է ուկրաինացիների եվրոպական ձգտումներով», ինչպես նաև խոստացել է, որ «Ուկրաինան մեկ տարվա ընթացքում խաղաղ ճանապարհով կվերադարձնի Դոնբասը»: