Քաղաքացի Գագիկ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ա.-ն կեղծ տվյալներ է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ որդու կողմից տնակում չբնակվելու վերաբե րյալ, որի հետևանքով վերջինս չի կարողացել ստանալ զինվորական գրքույկը և զրկվել է անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում' ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հիշյալ տնակի հարևանությամբ գտնվող բնակիչների բացատրություններով պարզվել է, որ նշված տնակում որևէ մեկը չի բնակվում: Բացի այդ, Գյումրու քաղաքապետարանից և հետաքննական մարմնից ստացված նույնաբովանդակ գրություններով հաստատվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին:

 

 

Գագիկ Գ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: