Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը : ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն : Ստացված եզրակացության համաձայն, Անուշ Ա.-ի մոտ եղել է 21-22 շաբաթական հղիություն, որն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետևանքով: Դատաբժշկական փորձաքննությամբ Անուշ Ա.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ժիրայր Խ.-ն հերքել է Անուշ Ա.-ին հանդիպելու, նրան հրել-գցելու հանգամանքը:

 

 

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող Ժիրայր Խ.-ն հիշյալ օրը նշված ժամանակահատվածում կատարել է իր ծառայողական պարտականությունները՝ գտնվելով աշխատավայրում:

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Անուշ Ա.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ին: Անուշ Ա.-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ոստիկանության աշխատակցի կողմից դիտավորությամբ իրեն առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու վերաբե րյալ:

 

 

Քաղաքացի Անուշ Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: