«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը երեկ հայտարարել էր, թե Գյումրու կենդանաբանական այգուց «Ուրցաձոր» վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծները մարդ են հոշոտել։ Բնապահպանը մտահոգություն էր հայտնել, թե ինչպես է այդ մարդը հայտնվել առյուծների վանդակի մոտ, որ տեղի է ունեցել այդ դժբախտ դեպքը։

 

Առյուծի կողմից հոշոտվածը Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանն է։ Նույն գյուղի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արտյում Ավետիսյանին վիրահատել են, ինքն էլ անձամբ այցելել է նրան։ «Շատ լուրջ բան չկա։ Պետք չէ ադքան գրել։ Հիմա, մի քիչ էլ խմած է եղել, մոտեցել ու եղել է դեպքը»,- ասաց գյուղապետը։

 

Նշենք, որ բնապահպան Սիլվա Ադամյանը բարձրաձայնել էր, որ տվյալ տարածքն այնքան դուրս է ուշադրությունից, որ նման բան է տեղի ունենում: Նրա խոսքով՝ մարդիկ չպիտի ներխուժեն կենտրոն' հաշվի առնելով նաև այն փաստը, որ կենտրոնում խեղված կենդանիներ կան։