Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյային ներկայացել է նաև ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինելու եկած ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շահմուրադյանը:
Նիստի մեկնարկին պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Կարեն Շահմուրադյանին ՀՅԴ խմբակցության համամասնական ցուցակով Ազգային ժողովի մանդատ ստանալու կապակցությամբ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Կարեն Շահմուրադյանն Ազգային ժողովում զրուցեց լրագրողների հետ և հարցին, թե ինքն ինչպես է վերաբերում ՀՅԴ-ի համագործակցությանը ՀՀԿ-ի հետ, պատասխանեց. «Դուք համաձյագրերի կետերին ծանո՞թ եք: Որևէ հակասություն տեսե՞լ եք ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվելու ուղղությամբ»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հարցը դա չէ, այլ ժողովրդի վստահության բացակայությունը, Շահմուրադյանն ասաց. «Դրանք պարզապես գեղեցիկ արտահայտություններ չեն, և պետք է սպասել: Ապագայում կտեսնենք: Եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել և հասնել արդյունքի, ապա ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ժամանակը ցույց կտա, պետք է սպասել: Դեռևս ավելի հստակ ոչ մի հարցի պատասխանել չեմ կարող»:
Լրագրողների հետ զրույցում Շահմուրադյանն անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի հետ իր հարաբերություններին, նշեց, որ իրենք մանկության ընկերներ են: