Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ մարտի 15-ին Սիրիայից ՌԴ օդատիեզերական ուժերի ավիախմբի դուրսբերման վերաբերյալ՝ հանկարծակիի է բերել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է Politico թերթը՝ «Պուտինը կրկի՞ն խորամանկությամբ գերազանցել է Օբամային» վերտառությամբ հոդվածում:

 

«Ակնհայտ է, որ Սպիտակ տան համար անսպասելի էր այդ հայտարարությունը, որը վերածնել է մտավախություններն այն մասին, որ ՌԴ նախագահը խորամանկությամբ գերազանցում է Օբամային»,- ասվում է հոդվածում:

 

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը ճեպազրույցի ժամանակ տարակուսանքի մեջ էր, երբ նրա գլխին հարցեր թափվեցին՝ Սիրիայի հարցով ՌԴ պաշտոնական իշխանությունների որոշման վերաբերյալ:

 

Օբամայի ներկայացուցիչը միայն պատասխանում էր, որ դեռևս չի տեսել այդ հաղորդագրությունները և չի հասկանում Մոսկվայի մտադրությունները:

 

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի մյուս ներկայացուցիչները նույնպես փորձել են տվյալ հարցով առնվազն որոշ տեղեկություն հավաքել: