ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: «Իմ հայտարարությունը կրակոցներից 3-4 ժամ շուտ է եղել։ Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ համարձակություն եմ ունեցել կանգնել տեսախցիկի առաջ և կոչ անել և՛ Հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Օսկանյանը։

 

Թե Օսկանյանի կուսակցությունն ինչքանով կկարողանա նպաստել Մարտի 1-ի բացահայտմանը, կամ նորաստեղծ կուսակցությունն ինչ կփոխի Հայաստանի քաղաքական կյանքում, ցույց կտա ժամանակը: Թեմայի հետ կապված՝ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գառնիկ Իսագուլյանի հետ, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

 

Պարո՛ն Իսագուլյան, ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հայտարարությանը:


- Նախ և առաջ, ինձ համար ընդունելի է ցանկացած մեկի կողմից կուսակցություն ստեղծելը։ Տարբեր քաղաքական գործիչներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր մտածում են, խնդիրների լուծման մեջ կարող են ունենալ իրենց ներդրումը, կարող են ստեղծել քաղաքական կուսակցություն և դրանով որոշակի գործունեություն ծավալել, քանի դեռ չեն կայացել կուսակցությունները դասական իմաստով։ Հիմա ունենք 70-ից ավել գրանցված կուսակցություն։ Նույն ձևով Վարդան Օսկանյանն էլ կարող է կուսակցություն ստեղծել և մտնել Հայաստանի քաղաքական դաշտ։

 

- Ի՞նչ տեղ կզբաղեցնի Օսկանյանը Հայաստանի քաղաքական դաշտում կամ ո՞ւմ տեղը կզբաղեցնի:


- Հայաստանում կուսակցություն չկա, որը ներկայացնի հասարակության որոշակի խավ։ Որևէ մեկը կարող է ասել՝ նոր ստեղծվող «Լուսավոր Հայաստան», պայծառ Հայաստան, գեղեցիկ Հայաստան կամ մյուս կուսակցությունները հասարակության ո՞ր շերտի շահերն են ներկայացնում։ Դրա համար, եթե Դուք ասեք՝ հասարակական ո՞ր շերտերն են զբաղված, ես կասեմ, թե Օսկանյանը որը կզբազեցնի։ Դա ամբողջությամբ բաց է, ծայրից ծայր։ Ցանկացած շերտ կարող է զբաղեցնել։

 

- Հայտնի է, որ Օսկանյանը 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ այն ժամանակվա գործող իշխանության մասն էր։ Այժմ նա այն ժամանակվա իշխանություններին համարում է պատասխանատուն։ Այդքանից հետո, Օսկանյանն ինչպե՞ս կկարողանա քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալել կամ հավատ ներշնչել։


- Օսկանյանը չի ասում՝ մեղավոր էին այդ օրվա իշխանությունները, այլ՝ այդ օրվա իշխանությունները միանշանակ մեղավոր են։ Հենց Մարտի 1-ից մի քանի օր հետո ես, լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հանդես եմ եկել հայտարարությամբ, որ ինքս էլ իմ մեղքի բաժինը տեսնում եմ այդ խնդրում։ Այդ նույն բանը ես շատ անգամ եմ ասել, որ իմ մեղքի բաժինը տեսնում եմ՝ որպես այդ օրվա իշխանություն։ Նույնն էլ Վարդան Օսկանյանն է ասում։ Հիմա, թե ինչո՞ւ են մարդիկ որոշել սարսափած աղմուկ բարձրացնել, ինչո՞ւ են ահաբեկված, սարսափած, ես չգիտեմ։ Ովքեր այն ժամանակ եղել են իշխանության կազմում, միշտ էլ ասել են, որ մեղքի բաժին ունենք։ Բայց դա չի նշանակում, որ մեղքի բաժինը հանվում է կազմակերպիչների վրայից, ովքեր մարդկանց տարան Մյասնիկյան և այլն: Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, իրենց մեղքի բաժինն ունեն։ Այլ բան է, որ ուշադրությունը սևեռված է Օսկանյանի հայտարարության վրա։ Իսկ թե ինչքանով վստահություն կներշնչի Օսկանյանի կուսակցությունը, սպասենք, տեսնենք՝ ինչպիսի արձագանք կունենա։

 

- Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է այդ հարցում։


- Իմ տեսակետը՝ շատ նորմալ երևույթ է, մարդը ստեղծել է կուսակցություն, թույլ տվեք թող աշխատի, ինչո՞ւ եք կանխավ եզրակացություններ անում։

 

- Կարծիք կա, որ Օսկանյանն իր կուսակցությամբ վերջնականապես ապահովում է Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը։


- Օսկանյանն իր բերանով հայտարարել է, որ Քոչարյանը որևէ կապ չունի այս կուսակցության հետ։ Մարդու ասածը չենք ընդունում, ընկել վերլուծություններ ենք անում։ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ այդ հնարավորությունն ունի՝ որպես Հյաաստանի քաղաքացի։ Քոչարյանը, եթե ինչ-որ բան որոշի, ապա որևէ մեկի միջնորդության, օժանդակության կարիքը չունի, ոչ էլ վախ ունի դրա մասին բարձրաձայն հայտարարելու։ Սա Ձեզ ասում է մի մարդ, ով ևս ինչ-որ առնչություն ունի Քոչարյանի հետ: Ինքը, եթե ուզի, բաց կհայտարարի ու կգա։ Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա։

 

Քրիստինա Աղալարյան