Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Անկարայի վերջին ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ահաբեկչությունն իրականացրել է 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ունեցող Սեհեր Չաղլա Դեմիրը:

 

Համաձայն ՆԳՆ տվյալների՝ Սեհերը 2013 թվականից անդամակցում է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ավելի ուշ նա անցել է Սիրիա և պատրաստվել «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կազմում:

 

Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է: