ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց, որ արդեն իշխանությունների քարոզչական մեքենան գործի է դրված, որպեսզի ժողովրդին շեղեն հիմնական խնդիրներից, հիմնական օրակարգից:
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ իրականում կա և շարունակում է մնալ հետևյալ օրակարգը՝ իշխանությունները կարողանալո՞ւ են վերարտադրվել, թե՞ չեն կարողանալու:
«Ինչո՞ւ ենք մենք համարում այս իշխանություններից ազատվելը ամենակարևոր խնդիրը, որովհետև այս նիստում կարողացանք ծանոթանալ երկու կարևոր զեկույցի՝ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, և մյուսը՝ ՏՄՊՊՀ-ի զեկույցներին, դա մեզ առիթ ծառայեց վերլուծելու իրավիճակը՝ գազի, էլեկտրականության գների հետ կապված, ինչպես նաև իրավիճակը լայն սպառման ապրանքների շուկայում»,- ասաց Զուրաբյանը և հավելեց.
«Եզրակացությունը միանշանակ է՝ գազի և էլեկտրականության հարցով ակնհայտ է, որ հանձնաժողովը կիրառում է այնպիսի մեթոդաբանություն, որը, ըստ էության, երաշխավորված շահութաբերություն է հաշվարկում սակագնի մեջ ցանկացած ներդրման համար»:
Ըստ պատգամավորի՝ համաձայն լուրջ հետազորտությունների վրա հիմնված իրենց եզրակացության՝ այսօր արդեն կարելի է 25 տոկոսով իջեցնել գազի և էլեկտրականության գները:
«Գազի և էլեկտրականության՝ առնվազն 25 տոկոսով գների նվազեցումը լինելու է ՀԱԿ-ի գլխավոր նախընտարական խոստումներից, բայց դա բացարձակ պոպուլիստական խոստում չէ, հիմնված է լուրջ հաշվարկների վրա, և մենք տեր ենք այդ խոստմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բենզինի գներին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենց նույն հաշվարկներով այսօր առնվազն բենզինը պետք է արժենա 310 դրամ:
Իրենց նախընտրական խոստումների մեջ է մտնում նաև հակամենաշնորհային օրենքների ներմուծումը, ինչը թույլ կտա արգելք դնել որևէ ընկերության համար 33 տոկոսից ավել մասնաբաժին ունենալ որևէ ապրանքատեսակի շուկայում, և իրենք դրան նույնպես տեր են: