ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

 

Մարտի 7-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1997թ. ծնված Վարդան Արմենի Պետրոսյանը և նրա հայրը՝ 1972թ. ծնված Արմեն Վարդանի Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով»։

 

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Պետրոսյաններին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, հանգամանքները, և նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

 

 

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16 :00-ի սահմաններում, Արմավիրի Փարաքար գյուղում՝ մթերային խանութի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ Ս.Աթաբեկյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր առավելությունները ընդգծելու մոլուցքով՝ գոռգոռացել և վիճաբանել է Փարաքար գյուղի բնակիչներ, հայր և որդի Պետրոսյանների հետ: Վիճաբանության ժամանակ մեկ այլ անձ կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ մեկական հարված է հասցրել հայր և որդի Պետրոսյաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Քննությամբ պարզվել է ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Է.Հովհաննիսյանն է։

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

 

 

2016 թվականի մարտի 17-ին քննիչը որոշում է կայացրել Է.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

 

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: